Հայ գերիներին պահելը պետք է դառնա գլխացավանք Ադրբեջանի համար. Տաթևիկ Հայրապետյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի պնդմամբ՝ հայ գերիներին պահելը պետք է դարձնել Ադրբեջանի համար միջազգային գլխացավանք:
Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք: Մենք ամեն ձևով պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ խորհրդարանական դիվանագիտություն, Արտաքին գործերի նախարարություն: Մենք իսկապես շատ ակտիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ: Ադրբեջանն այդ հարցը քաղաքականացնում է, և մեր խնդիրն է դուրս բերել այդ հարցը քաղաքականությունից: Դա մարդասիրական պարտավորությունն է Ադրբեջանի, ինքը պարտավորվել է դա անել»,- ասաց Հայրապետյանը:
Ապրիլի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
Կարծիքներ