Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգ

Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգ

Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգ՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) սկզբունքների և մոտեցումների վրա: Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Անձի ֆունկցիոնալության գնահատման այս մոդելը հնարավորություն կտա ոչ միայն լիարժեք գնահատել անձի առողջական խնդիրներն, այլև բազմակողմանիորեն վերլուծել վերջինիս գործունեության սահմանափակումներն՝ ապահովելով սոցիալական ներառման ու թիրախային կարիքների սպասարկմանն ուղղված ծառայություններ:

Ըստ այդմ, հաշմանդամության խմբերի փոխարեն առաջարկվում է ներդնել ֆունկցիոնալության սահմանափակումները դասակարգող կառուցակարգ: Նախատեսվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատել «խնդրի բացակայություն», «թեթև, միջին ծանրության, ծանր, խորը խնդիրներ» հասկացությունների հիման վրա: Երեխաների ֆունկցիոնալության սահմանափակումը նույնպես կգնահատվի վերոնշյալ դասակարգումների համատեքստում և վերջիններիս հնարավորություն կտրվի պարբերաբար նոր գնահատում անցնել՝ մատուցվող ծառայություններն իրենց առողջական վիճակի և սոցիալական միջավայրի փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով:

Նախագիծը սահմանում է նաև վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքերը, որոնց դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:

Ընդգծենք, որ հաշմանդամության գնահատման գործող համակարգը, մասնավորապես՝ գնահատման չափանիշները հնարավորություն չեն տալիս համապարփակ գնահատել անձի խնդիրները, վեր հանել նրա կարիքներն ու կազմակերպել համապատասխան միջամտություններ՝ մատուցելով կարիքին համարժեք ծառայություններ։ Գործող չափորոշիչներով՝ հաշմանդամության սահմանման ժամանակ հաշվի չեն առնվում նաև այն միջավայրային գործոնները, որոնք ազդեցություն ունեն անձի լիարժեք գործունեության վրա և կանխորոշում են նրա կատարողականությունը:

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ անցնելով այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում