ՀԿԱԾ-ը ոչ թե պատժող մարմին է, այլ՝ արդարությունը վերականգնող. կառույցը նշում է 25-ամյակը
Բոլոր ջանքերը ներդրվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամբողջական բարեփոխմանը, հարկադիր կատարողի պաշտոնի գրավչության և Ծառայության հասարակական ընկալման վերաիմաստավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով շնորհավորեց հարկադիր կատարողներին՝ նշելով, որ աշխատակիցների կատարած աշխատանքն անգնահատելի է:
Նախարարը բարձր գնահատեց Ծառայության 2022 թվականի ցուցանիշները, ընդգծելով, որ կատարված աշխատանքը արդարացրել և նույնիսկ գերազանցել է սպասելիքները:
«Օրն իսկապես շատ կարևոր է, քանի որ 25 տարի առաջ այս օրը ձևավորվեց մի կառույց, մի համակարգ, առանց որի մեր երկրում արդարության և արդարադատության հասնելը անհնարին է։ Ունեմ համոզմունք և այդ համոզմունքը ամրապնդվել է այս ծանր օրերին, երբ մեր երկիրը ամեն օր կռիվ է տալիս իր տնտեսական բարեկեցության և ձեզ հասկանալի ու տեսանելի այլ արհավիրքների դեմ, որ չի կարելի ունենալ ուժեղ պետություն, եթե չունես երկրում արդարադատություն և կայացած դատարան, իսկ կայացած դատարան ունենալու համար պետք է լինի մի կառույց, որը կկարողանա կյանքի կոչել դատարանի կայացրած որոշումները, վերականգնելով մարդկանց իրավունքները և ապահովելով այն սպասումների իրականացումը, որ մեր քաղաքացիներն ունեն այս կառույցից»,- ընդգծեց Մինասյանը։
Նախարարը նաև առանձնացրեց Ծառայության այն ձեռքբերումները և խոստումները, որոնք կարողացել են մի քանի տարիների ընթացքում կյանքի կոչել։
«Մենք ձեզ տվել էինք երկու շատ կարևոր խոստում և կարող եմ հպարտությամբ արձանագրել՝ այդ խոստումներն իրականություն են։ Առաջինը խոստումը այն է, որ օրակարգից ամբողջությամբ և անվերադարձ հանվել է չարաբաստիկ մասնավորեցման գաղափարը։ Երկրորդ խոստումը, որը կարողացանք ապահովել, դա արդյունքահեն աշխատավարձի համակարգի ներդրումն էր։ Եվ անցած տարի կարողացանք, աշխատելով մեր ֆինանսական համակարգի հետ, բերել զգալի գումար, իսկ այս տարի կարողացանք ավելի քան 1 միլիոն դոլար ուղղել հենց այս գաղափարին։
Երբ ներդրվեց արդյունքահեն աշխատավարձի համակարգը, միայն 2022 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին կարողացանք շուրջ 25 միլիարդ դրամ մուտք անել բյուջե, իսկ կատարողական ծախսը մոտ 1,5 միլիարդ դրամ էր, որը 2021 թվականի համեմատ ավելի է 48 տոկոսով։ Դա նշանակում է 48 տոկոս ավելի շատ հավատացող մարդիկ, 48 տոկոս վերականգնված խախտված մարդու իրավունք և 48 տոկոս ավելի սպասելիք մեր դատական համակարգից, ինչի համար ձեզ շնորհակալ եմ»,- շեշտեց Մինասյանը։
Գրիգոր Մինասյանը վերահաստատեց, որ բոլոր ջանքերը ներդրվելու են ոլորտի ամբողջական բարեփոխմանը, հարկադիր կատարողի պաշտոնի գրավչության և Ծառայության հասարակական ընկալման վերաիմաստավորմանը:
«Թվայնացում, աշխավարձի բարձրացում, գույքային բարելավում, նոր մեքենաներ, նոր սրահ, բայց ամենակարևորը, որ մենք բոլորովս պետք է հասնենք նրան, որ կարողանանք հանրային ընկալումը փոխել, որ այս ծառայությունը ոչ թե պատժող է, մարդկանց դատափետող է, այլ բոլոր խախտված իրավունքների վերականգնողն է և արդարադատությունը հետ բերողն է»,- եզրափակեց Մինասյանը։
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը ևս շնորհավորեց իր աշխատակիցներին և նշեց, որ հիմնական նպատակն ու առաքելությունը վերջնական արդարադատության իրականացման ապահովումն է, քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումը։
«Հարկադիր կատարման ծառայության քառորդդարյա պատմությունը վկայություն է այն, որ մեզանում Հարկադիր կատարման ծառայությունն այլևս իրողություն է։ Այն գործող մեխանիզմ է, որի հիմնական նպատակն ու առաքելությունն է վերջանական արդարադատության ապահովումը, քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումը։
Այս ճանապարհին Հարկադիր կատարման ծառայությունը ունեցել է շատ դժվարություններ։ 25 տարի առաջ ձևավորվելով Արդարադատության նախարարության կազմում որպես պետական ծառայության նոր տեսակ, Հարկադիր կատարման ծառայությունը աստիճանաբար իր կարևոր ու ուրույն տեղն է զբաղեցնում պետական մարմինների համակարգում։
Այսօր էլ նշանակալի է կառույցի դերակատարումը Հայաստանի Հանրապետության անունից կայացվող դատական ակտերի և հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի կատարման ոլորտում օրինականության ապահովման, իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի երաշխավորման գործում»,- ասաց Մնացականյանը։
Միջոցառման ընթացքում նախարար Գրիգոր Մինասյանն ու գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը շրջայց կատարեցին ՀԿԱԾ նոր վերանորոգված սպասարկման սրահում: Միջոցառմանը նաև ցուցադրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25-ամյա տարեգրության ֆիլմը, հարկադիր կատարողներին շնորհվել են շնորհակալագրեր, տրվել են հուշանվերներ և արտահերթ կոչումներ:
Կարծիքներ