ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել. Արտերկրում գտնվող որոշ անձինք փորձում են սոցցանցերի հայ օգտատերերից կորզել անձնական տվյալներ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածում են հայտարարություններ, որոնցում ներկայանալով որպես միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, վարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև կենցաղային ֆինանսական խնդիրների լուծման հարցում աջակցություն ցուցաբերելու պատրվակով, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ:
Մասնավորապես՝ www.facebook.com սոցիալական ցանցի «Dawaasuren Nymsuren» էջի օգտատերը, նշված սոցցանցի տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնաբանություններում տարածում է հայտարարություն, որում ներկայանալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսական կառույցի աշխատակից՝ աջակցություն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորությունների կատարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում:
Փաստացի, շահավետ պայմաններով գումար տրամադրելու քողի տակ, փորձ է արվում ստանալ ամբողջական անձնական տվյալներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ ձեռք բերված անձնական տվյալները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում անձի, հասարակության ու պետության անվտանգության դեմ ուղղված գործունեություն իրականացնելու նպատակով, ազգաբնակչությանը հորդորում ենք համացանցում չարձագանքել կասկածելի բովանդակությամբ նմանատիպ հայտարարություններին, սոցիալական ցանցերում շփումների ընթացքում անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ, դրսևորել զգոնություն և աչալրջություն:
Կարծիքներ