Նոր մոտեցում հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ Արտանիշի և Արագածի տարածքում իրականացվել է հետազոտություն «Որոնման երկրաքիմիական մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում» գիտական թեմայով: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Պեղումների գիտական ղեկավարներն են երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ գիտական գծով փոխտնօրեն Արսեն Բոբոխյանը:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի՝ երկրաբանական գիտությունների ինստիտուտն առաջարկում է հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում կիրառել օգտակար հանածոների որոնման երկրաքիմիական մեթոդները:
Ըստ Արշավիր Հովհաննիսյանի՝ Հայաստանի տարածքը ծածկված է հնագիտական հուշարձանների խիտ ցանցով՝ քարե դարից մինչև ուշ միջնադար: Հետխորհրդային տարիներին հայտնաբերված, բայց չուսումնասիրված օբյեկտների թիվը կրկնապատկվել է: Առաջացել է ընտրողական ուսումնասիրության անհրաժեշտություն՝ պեղումների ենթակա հարյուրավոր օբյեկտներից ընտրելով ամենից առաջնահերթը: Նախատեսվում է Արտանիշի թերակղզում և Արագածի հարավային լանջերին իրականացված հաջողված փորձը տարածել այլ տարածքների վրա, քանի որ այս մեթոդով խնայվում են պեղումներին ուղղված ֆինանսական միջոցները, ժամանակը, ապահովվում է առավել հարուստ արտեֆակտեր պարունակող հուշարձանների հայտնաբերումը, թույլ են տալիս գնահատել հուշարձանների ներքին պարունակությունը՝ առանց այն բացելու, հնարավորություն են տալիս հավաստանշելու և խոտանելու նախկինում թալանված հուշարձանները, նպաստում են գեո և արխեոտուրիզմի զարգացմանը:
Իրականացված աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել հայաստանյան և միջազգային գիտական հանրության շրջանում: Արդեն կան համագործակցություն և ակտիվ գիտական շփումներ գերմանացի, իտալացի և ավստրալացի երկրաբանների և հնագետների հետ:
Հետազոտությունները կատարվել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Գերմանիայի Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի Դասական հետազոտությունների ինստիտուտի, Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմելիան համալսարանի Երկրի մասին գիտությունների դեպարտամենտի, Բեռլինի Ազատ համալսարանի Հին Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի, Քեմնիցի հնագիտության պետական թանգարանի, Իտալիայի հումանիտար գիտությունների դեպարտամենտի, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հետ միջազգային համագործակցությամբ: Դրանք տպագրվել են «Archaeology of Armenia in Regional Context» և «Armenian Journal of Near Eastern Studies (Aramazd)» հանդեսներում:
Կարծիքներ