Արմեն Գրիգորյանն անհրաժեշտություն է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեությունը, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հիմնախնդիրը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և համանախագահող երկրները, ակտիվ լինելու դեպքում, կարող են կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք: Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է, և, կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները ակտիվ լինելու դեպքում կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը»,- ասաց Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարի խոսքով` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որպեսզի հնարավորություն լինի երկարաժամկետ լուծում գտնել:
«Քանի դեռ լուծում չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում գտնենք»,- եզրափակեց Գրիգորյանը:
Կարծիքներ