Չելյաբինսկում ձերբակալել են Հայաստանում հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն
Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի («Ռոսգվարդիա») զորքերի դաշնային ծառայության աշխատակիցները Չելյաբինսկում ձերբակալել են Հայաստանից փախած ամբաստանյալին, որը հետախուզման մեջ է 2023 թվականի գարնանից։ Նրան հանձնել են ոստիկանության աշխատակիցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Չելյաբինսկի մարզի «Ռոսգվարդիայի» վարչության մամուլի ծառայությունում։
««Ռոսգվարդիայի» Չելյաբինսկի մարզի Արտագերատեսչական պահպանության վարչության ձերբակալման խմբի աշխատակիցները հաղորդում են ստացել Տրակտորոզավոդսկի ոստիկանության միգրացիայի հարցերով բաժնում ահազանգի ազդանշանի մասին։ Նրանք ժամանել են դեպքի վայր: Նրանց է դիմել բաժնի աշխատակիցը, որը մատնացույց է արել տղամարդուն», - ասել են մամուլի ծառայությունում։
Ըստ հրապարակման՝ Հայաստանի՝ 1993 թվականին ծնված քաղաքացուն, որը բաժին էր եկել միգրացիայի հարցերով, ստուգել են տվյալների բազաներով։ Պարզվել է, որ նա 2023 թվականի մայիսից գտնվում է հետախուզման մեջ հայրենիքում։ Նրան որոնել է Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժինը՝ որպես ամբաստանյալ, որը փախուստի է դիմել քննչական մարմիններից:
Կարծիքներ