Կոնգրեսի իմ ներկա ու նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ու զինակիցներ ԱԶՆԻՎ ՉԵՆ

Կոնգրեսի իմ ներկա ու նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ու զինակիցներ ԱԶՆԻՎ ՉԵՆ

Որոշեցի ամփոփել Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ու Հայ ազգային կոնգրեսի էջը՝ մեկ անգամ եւ ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ, տալով դժվար հարցեր, լույս սփռելով որոշ դրվագների վրա, որոնց միջով ապրել ենք 1988-ից ի վեր։

կանխավարկածս բավական հավակնոտ ու հանդուգն ա.

Կոնգրեսի իմ ներկա ու նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ու զինակիցներ ԱԶՆԻՎ ՉԵՆ, երբ քննադատում են գործող իշխանությանն ու պաշտպանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին շրջանում արված քայլերը։

նախեւառաջ արձանագրենք, որ ես իմ արած ՈՐԵՎԷ բանից չեմ հրաժարվում։ ինչ արել եմ 2006-2013 թվականներին՝ որպես «Այլընտրանք» շարժման, «Իմփիչմենթ» դաշինքի, Հայ ազգային կոնգրեսի անդամ, արել եմ հավատով, համոզմունքով, առանց ետին մտքերի, առանց որեւէ նյութական շահագրգռության։ հիմա ինքս ինձ թույլ եմ տալիս հնչեցնել հետեւյալ առանցքային հարցերը.

ա. ո՞վ սկսեց 1988-ի ղարաբաղյան շարժումը (հուշում՝ մի՞թե սովետական ԿԳԲ-ն, ինչպես պնդում էր Աշոտ Մանուչարյանը).

բ. 1988-ի ամենաառաջին ցույցերին մասնակցում էին սովետական գործարանների աշխատողներ, տարեց մարդիկ (եթե չեք հավատում, նայեք արխիվային կադրերը). հարց՝ մի՞թե նրանք կարող էին երթով անցնել Երեւանի կենտրոնով ու Լենինի հրապարակով՝ առանց Կոմունիստական կուսակցության «դաբրո»-ի։

գ. ինչպե՞ս պատահեց, որ Շարժումը մեկնարկած Իգոր Մուրադյանին ու պարտիայի հրահանգները մշտապես կատարած մյուսներին փոխարինեցին էնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Մանուկյանը...

դ. 1994-ի զինադադարից հետո Հայաստանը նախաձեռնեց ինքնուրույն բանակցություններ Ադրբեջանի հետ։ ո՞ր պահին, ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանը դադարեցրեց այդ բանակցությունները։

ե. 1997-ին գրված «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածով եւ 1998-ի հունվարին Անվտանգության խորհրդի երկօրյա նիստին իր ելույթներով ի՞նչ նպատակ էր հետապնդում Լեւոն Տեր-Պետրոսյանը։

զ. 1998-ի փետրվարին տված իր հրաժարականի հիմքում ի՞նչ պրոցեսներ էին։ ո՞ւմ նկատի ուներ նախագահը, երբ հիշատակում էր «պատերազմի կուսակցությունը»։

է. ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն 2007-2008-ին։ ինչո՞վ էր նա տարբերվում գործող ՌՔ-ից ու նախագահի պաշտոնին հավակնող ՍՍ-ից։

ը. ինչո՞ւ են վերջին մի քանի տարիներին Լեւոնն ու Հայ ազգային կոնգրեսը խաղեր տալիս ՌԴ-ի հետ։ ինչու՞ է ՀՀ առաջին նախագահը անում քայլեր, որոնք ակնհայտորեն դեմ են իշխող ուժի մոտեցումներին։

սկսենք պատասխանել, կամ՝ փորձել պատասխանել։

Լեւոն Տեր-Պետրոսյանը սպասարկում է Ռուսաստանի Դաշնության, իմա՝ Ռուսական կայսրության շահերը։ արդյո՞ք այստեղ կա որեւէ կրիմինալ։

Ոչ։ Ոչ մի կրիմինալ չկա։ դա դիրքորոշում է, որը կարող է լինել հիմնավորված։

Միակ պահանջը, որ ես դնում եմ, որպես Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր վարչության անդամ, որպես 2006-ից քաղաքականության մեջ մտած ու Լեւոնի ու իր թիմի՝ իշխանության հասնելուն նպաստած շարքային ակտիվիստ, հետեւյալն է.

ԲԱՑ ՏԵՔՍՏՈՎ ընդունել, որ դուք դեմ եք Հայաստանի Հանրապետության ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ։

Էս մոտեցումը կարող ա լինել հիմնավորված (որպես գաղտնիք ասեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքս ունեցել եմ նման վախ-մտայնություն, ու ինքս եմ առաջարկել գործող իշխանությանը՝ զոհել մեր երկրի ինքնիշխանության մի մասը՝ դիմացը, ենթադրաբար, ստանալու գոյատեւման երաշխիքներ...)։ ախպեր, եթե դուք էս մոտեցման կողմնակիցն եք, ՈՒՂԻՂ հայտարարեք էդ մասին։ ասեք, որ էն, ինչ անում են Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած քաղաքական թիմը, այո, նպաստում են ՀՀ ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը, ԲԱՅՑ դա ճանապարհ ա դեպի Հայաստանի կործանում։

Վախենում ե՞ք։ լուրջ վախենում ե՞ք ուղիղ ասել, որ դեմ եք ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը։

Գուցե դուք իսկապես ճիշտ եք, ու պարզվի, որ էս ուղին մեզ տանում ա դեպի կործանում։ բայց մի՛ կեղծեք, վերջապես բավարար ազնվություն գտեք ձեր մեջ։

Իսկ գիտե՞ք, թե որն է ինքնիշխանության-անկախության ու գուբերնիա-ֆորպոստ լինելու միջեւ էական տարբերությունը... ինչպես իմ կողմից շատ հարգված Վահե Գրիգորյանը մի անգամ դիպուկ ձեւկերպեց՝ տարբերությունն էն ա, թե որ ճակատներում են զոհվում քո զավակները։ ո՞վ ա տալիս հրաման՝ գնալ ու պաշտպանել իքս կամ իգրեկ սահմանը։ ու, եթե պետք լինի, զոհվել էդ սահմանը պաշտպանելիս։

Մենք արդյո՞ք ուզում ենք, որ մեր զինվորները, ինչպես Առաջին աշխարհամարտի ու Երկրորդ աշխարհամարտի տարիներին, գնան-զոհվեն պայմանական Կարսի մատույցներում, Չեխիայում կամ այսօրվա Ուկրաինայում։ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ, գրողը ձեզ չտանի։ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ։ հատկապես, եթե զինծառայող հարազատ ունեք, կամ՝ շուտով ունենալու եք։

Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած տարիներին արեց ամեն ինչ, որ ինքն իրեն դիրքավորի ռուսական շահերը սպասարկողի դերում։ վերջին կաթիլը Կտրիճ Ներսիսյան անաստվածի հետ ցուցադրական հանդիպումներն էին... վիրավորական, ՀՈՒՍԱՀԱՏ ջանքեր, որոնք վկայում են Կրեմլին հավատարմության մասին։ բարի, ես չեմ բացառում, որ իսկապես պարզվի, որ մենք անկախ գոյություն ունենալու ռեսուրս չունենք...

բայց ա. Նրա համակիրները ՊԱՐՏԱՎՈՐ են ուղիղ հայտարարել, որ դեմ են ՀՀ անկախությանը, եւ բ. մենք մեզ պիտի հարց տանք՝ արդյո՞ք ցանկանում ենք ապրել ՌԴ ծայրագավառում։ անգամ եթե դա երաշխավորում է մեր ֆիզիկական գոյությունը։ բա մնացա՞ծը։ թե՞ ուրիշ ոչինչ չկա։

Կրկնում եմ՝ ես 2006-ից եղել եմ Այլընտրանք շարժման ու Իմպիչմենթ դաշինքի կորիզում։ չեմ զղջում էն ամենի համար, ինչ արել եմ։ բայց 2025 թ. հունիսին ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ այլ բան էր փոխելու ԼՏՊ-ն, եթե 2008-ին գար իշխանության, քան համատարած կոռուպցիայի մեղմումը։ մի՞թե աշխարհաքաղաքական առումով անելու էր որեւէ այլ բան, քան անելու էր Սերժը։ ես չեմ նսեմացնում քրեաօլիգարխիկ բուրգի դեմ պայքարի կարեւորությունը, բայց ժողովուրդ, եկեք մենք մեզ հարց տանք. արդյո՞ք Հայաստանը հաղթահարելու էր Ռուսաստանի գերիշխանությունը։

1999-ի հոկտեմբերի 27-ից հետո կոչ արվեց համախմբվել ՌՔ-ի շուրջը... ինչո՞ւ։ ի՞նչ նպատակով։ ավելին՝ ինչո՞ւ 1998-ին հրաժարական տված Լեւոնի կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, ընտրություններում պաշտպանեց ՌՔ-ին։ ինչո՞ւ։ մի՞թե այն պատճառով, որ Մոսկվան էր այդպես որոշել։

Ես որպես փաստ գիտեմ, որ 1994-1996 թվականներին Լեւոնն ու Ժիրայր Լիպարիտյանը փորձել են ուղիղ բանակցությունների ու երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի հետ... չեմ կասկածում, որ իսկապես փորձել են կարգավորել ղարաբաղյան թնջուկը։ բայց հետո տեղի ա ունեցել մի բան, որը բեկել ա էս ընթացքը (խոշոր ու սպառնալից մի բան)։ ու դրանից հետո Լեւոնը գրել ա իր հայտնի հոդվածը, ունեցել ա իր հայտնի ելույթները ԱԽ նիստերում ու տվել ա իր հայտնի հրաժարականը։ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ էր շահում նա՝ դրանք անելով, եթե գիտեր, որ Մոսկվան սատարում ա կարգավորմանը հակառակվող ուժերին։ դա ի՞նչ էր։ ինչի՞ համար էր նա էդ ամենն անում։

Պատասխանս մեկն ա՝ սեփական անձը, սեփական անունը մաքրագործել, դիստանցավորել տեղի ունենալիքից։ ԶՈՒՏ, ընդամենը պատմության համար։ որ դարեր հետո գտնվեն միամիտներ, որոնք կասեն՝ այ, Լեւոնն ասում էր, իսկ իրեն լսող չկար...

ու կլինեն սակավաթիվ մարդիկ, որոնք կտան շատ տրամաբանական մի հարց՝ սեփական երկրի տարածքում ՌԴ ռազմաբազա տեղադրած, պատերազմում ռուսական զենք օգտագործած, սեփական երկրի սահմանների պաշտպանությունը ՌԴ-ին պատվիրակած նախագահը ինչպե՞ս կարող էր դեմ դուրս գալ նույն այդ կայսրությանը.... ի՞նչ կարգավորում, ի՞նչ մադրիդյան սկզբունքներ, ի՞նչ բուֆերային գոտու վերադարձ... լո՞ւրջ։

ու էստեղ հառնում են երկու հիրավի ողբերգական անձինք ու նրանց ճակատագրերը՝ Վանո Սիրադեղյան ու Վազգեն Սարգսյան. առաջինը՝ մարգարե, ռենտգեն, խորաթափանց, անվախ, խենթ, որն ամրացրեց ՀՀ պետականության հիմքերը, ու Վազգեն Սարգսյան՝ գիժ հայրենասեր, ռոմանտիկ, հավատավոր, ինքն իր սիրո ձեռքը կրակն ընկած, բայց նույնպես՝ խենթ...

կարիք չկա ասելու, թե էս երկուսին ինչպիսի վախճան էր սպասվում....

վերադառնալով վերը հիշատակված առանցքային հարցին՝

մի՞թե ներկա իշխանությունն ամրապնդում է ՀՀ ինքնիշխանությունը, բարձրացնում անկախության մակարդակը, եւ մի՞թե սրան դեմ լինելն ունի լեգիտիմ հիմքեր։

իմ պնդումը հիմնված ա հետեւյալ հանրահայտ փաստերի վրա.

1. ՀՀ սահմանների մի զգալի հատվածն այսօր վերահսկում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։

2. Հայաստանը զենք է գնում ոչ թե մեկ աղբյուրից, այլ՝ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ աղբյուրներից։

3. Հայաստանն այսօր ՈՒՂԻՂ շփումների մեջ է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։

4. Հայաստանը հիմնել է Արտաքին հետախուզության ծառայություն, որտեղ ներդրված չեն Կայսրության ագենտներ (առնվազն՝ արվել է նման փորձ)։

5. Եթե նախկինում ՀՀ նախագահը Կրեմլի հետ համաձայնեցնում էր իր ամենակարեւոր որոշումների, ասենք՝ 90%-ը, այսօր՝ ենթադրաբար՝ 10%-ը։

6. Հայաստանն իրականացնում ա բանակի խորքային ռեֆորմ՝ կրճատելով պարտադիր ծառայության ժամկետը, վերապատրաստելով հատուկ ջոկատայիններին, կառուցելով նախադեպը չունեցող ամրաշինական կառույցներ։

7. Գլխավոր շտաբը մաքրվել ա հակապետական տարրերի մի գերիշխող մասից, որոնք հեղաշրջման փորձի մասնակից էին։

8. Հայաստանը մաքրում ա ՀԱԵ «ավգյան ախոռները», որոնք տասնամյակներ, եթե ոչ՝ դարեր, հպատակ են էղել մի օտար կենտրոնի։

9. 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն առաջին անգամ բացահայտ հայտարարել ա, որ Իրական Հայաստանն ա իր միջոցն ու նպատակը, ու որ հարեւան որեւէ երկրի նկատմամբ չունի որեւէ տարածքային պահանջ։

Հիմա՝ իմ սիրելի Պասկեւիչյաններ, Մուսինյաններ, Զուրաբյաններ ու մնացյալ, կողմնորոշվեք, գրողը տանի. կամ դուք կողմ եք էս վերոնշյալ քայլերին, այսինքն՝ կողմ եք ՀՀ ինքնիշխանության խորացմանն ու ծավալմանը, կամ էլ կարծում եք, որ մեր փրկությունը միայն մետրոպոլիայի ծայրագավառ լինելու մեջ ա։ բայց կներեք, երկրորդ տարբերակը ընտրելիս՝ բավարար քաջություն ու ազնվություն ունեցեք ընդունելու, որ դուք փորձում եք որոշում կայացնել ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐԻ ճակատագրի վերաբերյալ։ դուրս էկեք դիմացս ու ճակատիս ասեք, որ դուք ձեզ իրավունք եք վերապահում որոշել, թե հանուն ինչի ու որ պետության սահմանին զոհվեն ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐԸ։ ոչ թե ձեր, ԱՅԼ ԻՄ։

Իսկ եթե էսքանն անելու խիզախություն չունեք, պապանձվեք։ նամուս ու ազնվություն գտեք ձեր մեջ ու պարզապես ՊԱՊԱՆՁՎԵՔ։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը (որը մեր գլխին ընկել ա որպես նվեր, այլ ոչ թե Ղարաբաղյան շարժման արդյունքում, ու որը մենք պահելու-պահպանելու ենք՝ հակառակ ձեր քստմնելի քայլերի)։

ՀԳ. Ցանկանում եմ ընդգծել, որ կտրականապես մերժում եմ անձնական վիրավորանքները։ ցավում եմ, որ վարչապետն ու առաջին տիկինն իրենց խոսքում հատել են մի կարեւոր սահման։ հորդորում եմ վերադառնալ քաղաքակիրթ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված շփման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում