Յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է Արցախի բնակչության առողջության գործում. ԱՀ ԱՆ նախարար

Յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է Արցախի բնակչության առողջության գործում. ԱՀ ԱՆ նախարար

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին՝ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձումա ասվում է. Սիրելի՛ Բուժաշխատողներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։

Տոնն առիթ է ոչ միայն ամփոփելու առողջապահական համակարգի ձեռքբերումները և մատնանշելու խնդիրները, այլև հրաշալի հնարավորություն` երախտիքի անկեղծ խոսք հղելու մեր բազում բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ովքեր գիշեր ու զօր մեծ նվիրումով, իրենց առաքելությանը հավատարիմ, համեստորեն մատուցում են իրենց ծառայությունը: Ոլորտը, որը ներկայացնում եք դուք, առանձնակի կարևորություն է ներկայացնում մեր հանրության կյանքում, քանզի մարդիկ Ձեզ են վստահում ամենաթանկը՝ իրենց առողջությունը։

Մասնագիտական Ձեր բարձր պատրաստվածությամբ և պատրաստակամությամբ, ամեն օր տասնյակ կյանքեր են փրկվում, իսկ նվիրված աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ հարյուրավոր մարդիկ ապաքինվում են: Մասնագիտական այս գեղեցիկ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ նաև Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակից գործընկերներին։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ռազմական բուժաշխատողներին, ովքեր ինքնամոռաց նվիրված են հայ զինվորի կյանքն ու առողջությունը պահպանելու գործին: Վստահ եղեք, որ յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է Արցախի Հանրապետության բնակչության առողջության պահպանման գործում:

Որպես առողջապահական համակարգի առաջնային պատասխանատու, խոստանում եմ շարունակաբար գործադրել բոլոր ջանքերը՝ մեր մեծ ընտանիքի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները միասին հաղթահարելու և մրցունակ ու բարձր արդյունավետությամբ առողջապահություն ունենալու համար։

Սիրելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանքում: Խաղաղություն և բարեկեցություն Ձեր ընտանիքներին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում