2024 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 248 և 200 տոկոսով
2024 թվականի մայիսին Հայաստանից ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալները շարունակել են աճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է Համաշխարհային բանկի հերթական ամփոփագրում:
Դա շարունակել է պայմանավորել արտահանման ընդհանուր պատկերը: Մայիսին Հայաստանից ապրանքների արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 57.4 տոկոսով: Դրան նպաստել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների հնգապատիկ աճը՝ այդ ապրանքների վեցապատիկ ավել ներմուծման և դեպի ԱՄԷ վերաարտահանման ծավալների ավելացման արդյունքում:
Հայաստանից ոսկու և թանկարժեք զարդերի արտահանումը կազմել է արտահանման ընդհանուր ծավալի 72.3 տոկոսը: Տրանսպորտային միջոցների արտահանումը 2024 թվականի մայիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 78 տոկոսով:
Ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանից այլ ապրանքների արտահանման ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա մայիսին՝ 2023 թվականի գարնան վերջին ամսվա համեմատ կրճատվել է 4 տոկոսով: Մինչդեռ, 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 248 և 200 տոկոսով՝ հանգեցնելով առևտրային հաշվեկշռի պակասորդի մեծացմանը:
Կարծիքներ