Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը չհասցնել աղետի և ապաշրջափակել «կյանքի ճանապարհ»-ը. ԵԱՏՄ հանրային պալատ
ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը հանդես է եկել դիմում-կոչով` կապված Լաչինի միջանցքի արգելափակման հետ: Կառույցը կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը չհասցնել հումանիտար աղետի և ապաշրջափակել «Կյանքի ճանապարհ»-ը։
Հայտարարության մեջ ասվում է.
Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներն ու աջակիցները Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի առնչությամբ՝ կապի միակ առանցքային ճանապարհի արգելափակման հետևանքով, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան հասցվել են կենսական նշանակության ապրանքներ, սննդամթերք և բժշկական օգնություն։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է գազի մատակարարումը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի շարժական անջատումներ։
Արդյունքում 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, հայտնվել է ծանր վիճակում։
Այս ամենը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և կյանքի համար և հանդիսանում է 1949 թվականի օգոստոսի 12-ի և 1977 թվականի հունիսի 8-ի Ժնևի կոնվենցիաների և լրացուցիչ արձանագրությունների խախտում՝ խաղաղ բնակչության և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանության վերաբերյալ։
Ըստ որի՝ այս փաստաթղթերով
Արգելվում են բռնության ակտերը կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել խաղաղ բնակչությանը (հոդված 51).
Արգելվում է քաղաքացիական սովի օգտագործումը որպես պատերազմի մեթոդ (հոդված 54).
Արգելվում է հարձակվել կամ ոչնչացնել, հեռացնել կամ դարձնել անօգտագործելի առարկաներ, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության գոյատևման համար, անկախ շարժառիթից՝ խաղաղ բնակչությանը սովամահ անելու, նրանց հեռանալու ստիպելու կամ որևէ այլ պատճառով (հոդված. 54):
Արձանագրությունը հատուկ նախատեսում է «Օգնության գործողություններ» , նույնիսկ եթե նման օգնությունը նախատեսված է հակառակ կողմի քաղաքացիական բնակչության համար» (հոդված 70):
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի երկու ուղղություններով բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների համար։
Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներն ու աջակիցները Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ներկայիս բարդ իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին, և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների, միջազգային հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու կոչով։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը չհասցնել հումանիտար աղետի և ապաշրջափակել Կյանքի ճանապարհը։
Կարծիքներ