Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարներին ցրել է ջրցան մեքենաներով
Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել Եվրամիությանն անդամակցությունը հետաձգելու շուրջ Վրաստանի կառավարության որոշման դեմ։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ է գործի դրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ակցիան տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի մոտ։ Ավելի վաղ ոստիկանությունը ցուցարարներին ցրվելու կոչ էր արել։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ և վիրավորել նրանց:
Մինչ այս մի քանի ցուցարար բերման էր ենթարկվել։
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ բողոքի ակցիային է մասնակցել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ իշխանություններին մեղադրելով «սահմանադրական հեղաշրջման» մեջ և ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ անելով օգնել իրեն և ընդդիմությանը երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցում։
Նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը բանակցություններ չի սկսելու Բրյուսելի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ և այս ժամանակահատվածում կհրաժարվի ԵՄ-ից ցանկացած բյուջետային դրամաշնորհից։
Կարծիքներ