Սաուդյան Արաբիան շարունակում է արգելել թուրքական ապրանքների մուտքը

Սաուդյան Արաբիան շարունակում է արգելել թուրքական ապրանքների մուտքը

Սաուդյան Արաբիան շարունակում է թուրքական ապրանքների նկատմամբ արգելք կիրառել՝ թույլ չտալով դրանց մուտքը իր երկրի տարածք՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:

Արդյունքում՝ հարյուրավոր բեռնատար մեքենաներ ամիսներ շարունակ մնացել են մաքսատանը և մաքսազերծման որևէ գործողություն չի իրականացվում։

Թուրքական ապրանքների բոյկոտը մտահոգել է Թուրքիային։ Չնայած դեռևս նոյեմբեր ամսին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ բին Ֆերհան էլ Սուուդը հայտարարել էր, որ բարիդրացիական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ և հերքել էր թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտի մասին լուրերը, այնուամենայնիվ, հետագա ամիսները ցույց տվեցին, որ թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվում են արգելքներ։

Բոյկոտի արդյունքում թուրքական տնտեսությունը լուրջ կորուստներ է կրում։ Եթե 2020-ի հունվար ամսի դրությամբ Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը կազմել էր 221.9 մլն դոլար, ապա 2021-ի հունվարի դրությամբ՝ ընդամենը 16.5 մլն դոլար, այսինքն՝ 92.5%-ով անկում է գրանցվել։

Սաուդյան Արաբիան մինչ այդ հանդիսանում էր Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Թուրքիայից Սաուդյան Արաբիա տարեկան արտահանման ծավալը հասնում էր շուրջ 3 մլրդ դոլարի։

Ներկայումս Թուրքիան մտահոգ է, որ թե´ Սաուդյան Արաբիան, թե´ Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում են թուրքական ապրանքներին այլընտրանք գտնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում