Կայծակից մահացել է Շիրակի մարզի Հովունի գյուղի հովիվը
Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Մարմաշեն խոշորացված համայնքի Հովունի բնակավայրում: Կայծակից տեղում մահացել է գյուղի բնակիչներից մեկը, ով մոտ 50 տարեկան տղամարդ է ու առավոտյան նախիրը տարել էր հանդ արածեցնելու:
«Նախիրը հերթով են դաշտ տանում արածեցնելու, երեկ իրենց հերթն է եղել, գյուղացին մենակ է եղել: Մոտակայքում գտնվող մյուս հովիվները վերջին անգամ իրեն տեսել են ժամը 16:30-ի սահմաններում «Սրբի սար» կոչվող հատվածում, այդ ժամանակ ուժեղ ամպրոպ ու կայծակ է եղել, դրանից հետո գյուղացուն չեն տեսել, երեկոյան անասունների մի մասը տուն են վերադարձել, մյուսները՝ ոչ, նախրապահը նույնպես տուն չի եկել, ընտանիքի անդամները սկսել են անհանգստանալ, զանգերին չի պատասխանել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:
Հովվի որոնողական աշխատանքներին միացել են գյուղի բոլոր բնակիչները, ԱԻՆ փրկարարական ջոկատը տրամադրել է լուսարձակներ, ոստիկանության աշխատակիցների հետ տղամարդուն հաջողվել է գտնել կեսգիշերն անց՝ ժամը 03:30-ի սահմաններում:
«Մահացածի տղան էլ էր մեզ հետ մասնակցում որոնողական աշխատանքներին, մեծ դժվարությամբ կարողացանք գտնել, հենց այն նույն տարածքում, որտեղ մյուս հովիվները նկատել էին ուժեղ կայծակը: Տղամարդու մարմինը մոտ 5մ շպրտվել էր հեռու, իսկ կայծակի հարվածի տեղում բոլոր քարերը ճաքել ու փշրվել էին: Գլխարկը, շալվարն ու կոշիկները ամբողջությամբ այրված էին, մարմինը հատվածաբար սևացած էր»,- ասաց Կարեն Արշակյանը:
Ըստ համայնքի ղեկավարի’ տարիներ առաջ այդ հատվածում կայծակնահարության դեպքեր էլի են եղել, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ են սատկել, բայց մարդկայն մահվան դեպք առաջին անգամ է գրանցվել:
Կարծիքներ