Բայդենն ու Սի Ցզինպինը բանակցություններ են վարել
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ առաջին հեռախոսային զրույցում քննարկել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, կլիմայի փոփոխության եւ աշխարհում զենքի տարածումը կանխելու հարցերը: Այս մասին նշված է Սպիտակ տան հրապարակած գրավոր հայտարարության մեջ:
Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել COVID-19 համավարակին, առողջապահության ոլորտում գլոբալ անվտանգության ընդհանուր մարտահրավերներին, կլիմային փոփոխություններին հակազդելու եւ զենքի տարածումը կանխելու հարցերով:
Դրանից բացի, Բայդենը մտահոգություն է հայտնել Հոնկոնգի, Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի եւ Թայվանի իրավիճակների կապակցությամբ: «Նախագահ Բայդենը հաստատել է ամերիկացի ժողովրդի անվտանգության ապահովման, բարգավաճման, առողջության ու կենսակերպի պաշտպանության եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ազատ ու բաց տարածք պահպանելու առաջնահերթ բնույթը: Նախագահ Բայդենը ընդգծել է իր խորը մտահոգությունը Պեկինի ստիպողական եւ անարդարացի տնտեսական պրակտիկայի, Հոնկոնգում բռնաճնշումների, Սինցզյանում մարդու իրավունքների խախտումների եւ տարածաշրջանում, այդ թվում Թայվանում Չինաստանի շատ ավելի ագրեսիվ գործողությունների պատճառով»,- հայտնել են Սպիտակ տանից:
ԱՄՆ առաջնորդը նաեւ «չինացի ժողովրդին է փոխանցել իր շնորհավորանքն ու բարի մաղթանքները լուսնային օրացույցով Նոր տարվա կապակցությամբ»: Բայդենը Չինաստանի նախագահի հետ իր զրույցը մեկնաբանել է Twitter-ում: «Ես նրան ասացի, որ Չինաստանի հետ կաշխատեմ, երբ դա ամերիկացի ժողովրդին օգուտ բերի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Կարծիքներ