Հարավային Կորեայի իշխանությունները ափսոսանք են հայտնում հյուսիսկորեական հրթիռի արձակման կապակցությամբ
Կորեայի Հանրապետության նախագահին կից Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) արտակարգ նիստից հետո ափսոսանք է հայտնել Փհենյանի կողմից ենթադրաբար բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հաղորդել է Yonhap լրատվական գործակալությունը :
«Խորհուրդն իր խորը ափսոսանքն ու խորը մտահոգությունն է հայտնել բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ, որն իրականացվել է չնայած Կորեայի Հանրապետության և ԱՄՆ դիվանագիտական ջանքերին», - ասվում է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։
«Բալիստիկ հրթիռի արձակումը այն ժամանակ, երբ աշխարհը փորձում է հաղթահարել ուկրաինական ճգնաժամը, չի նպաստում Կորեական թերակղզում և ամբողջ մոլորակի վրա խաղաղությանն ու կայունությանը», - ասել է Սեուլը: Ազգային անվտանգության խորհուրդը հույս է հայտնել, որ Փհենյանը կհամաձայնի վերադառնալ Սեուլի և Վաշինգտոնի հետ երկխոսությանը։
Հարավային Կորեայի իշխանությունները նույնպես հայտարարել են մարտի 9-ին նշանակված նախագահական ընտրություններից առաջ անվտանգության ապահովման բոլոր միջոցները ձեռնարկելու մտադրության մասին։
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ բալիստիկ հրթիռը արձակվել է տեղական ժամանակով ժամը 7:52-ին, Փհենյանի Սունան շրջանից։ Հրթիռը թռել է մոտ 300 կմ՝ 620 կմ առավելագույն բարձրության վրա և ընկել Ճապոնական ծովը։
Կարծիքներ