Իրանում տեղի է ունեցել Երևան – Թեհրան – Երևան երթուղով կանոնավոր չվերթների բացման արարողությունը
Հունիսի 6-ին Թեհրանում տեղի է ունեցել «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան – Թեհրան – Երևան երթուղով կանոնավոր չվերթների բացման արարողությունը։
Չվերթի բացման արարողությանը ներկա են եղել ԻԻՀ և ՀՀ մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու Թեհրանի հարավում գտնվող Էմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի ղեկավար Սայիդ Չալանդարին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
«FlyOne Armenia»-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը երկու երկրների միջև ուղիղ չվերթ սկսելու նպատակների մասին խոսելիս կարևորել է երկու երկրների միջև թռիչքների ավելացման ազդեցությունը տնտեսական, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում։ «Դեպի Թեհրան թռիչքները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Ընկերության գործունեության առաջին օրից մենք այս չվերթների մեկնարկը համարել ենք մեր զարգացման ռազմավարության կարևոր կետերից մեկը։ Բացի երկկողմ՝ Երևան – Թեհրան չվերթից, ընկերությունը կկարողանա հնարավորություն տալ իրանցիներին շարունակել ճամփորդությունը դեպի եվրոպական քաղաքներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքներ՝ ամենահարմար տրանզիտային պայմաններով։ Երկարաժամկետ ծրագրերում FlyOne Armenia-ն դիտարկում է նաև թռիչնքների հնարավորություն դեպի Սպահան, Թավրիզ, Քիշ կղզի, որոնք դեռ ուսումնասիրման փուլում են»։
Թռիչքի բացման արարողությունից հետո հյուրերին Ազգային Առաջնորդարանում ընդունել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսյանը։
Հունիսի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեսպանատանը կազմակերպվել էր FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի մամլո ասուլիսը իրանական ԶԼՄ-ների և Թեհրանում աշխատող հայկական լրատվական ծառայությունների ներկայացուցիչների հետ։
Տեղեկացնենք, որ Flyone Armenia-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Flyone Armenia-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Փարիզը, Մոսկվան, Միլանը, Լիոնը, Դյուսելդորֆը, Լառնական, Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը, Սոչին, Միներալնիե Վոդին, Սամարան, Նովոսիբիրսկը, Բեյրութը, Դուբայը, Թել Ավիվը, Ստամբուլը, Թբիլիսին և Քիշնևը:
Ավիաընկերության օդային նավատորմը բաղկացած է բացառապես նոր Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:
Կարծիքներ