Զելենսկին մտահոգված է Սաակաշվիլիի ձերբակալությամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության և այդ հարցով վրացական կողմի հայտարարությունների տոնով: Այս մասին այսօր ՝ հոկտեմբերի 1-ին, Facebook-ում հայտնել է նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալման մասին հաղորդագրություններին։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգված է նման նորություններով և իրավիճակի հնարավոր զարգացման մասին Վրաստանում հնչող հայտարարությունների տոնով»,- գրել է Նիկիֆորովը։
Նա հավելել է, որ Ուկրաինան դիմում է վրացական կողմին Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ նման քայլի բոլոր հանգամանքները պարզաբանելու համար: Նրա խոսքով ՝ Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Սաակաշվիլիին ձերբակալելու մասին:
Մինչ այդ Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտնել էին, որ կանչել են Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան ղեկավարին Սաակաշվիլիին ձերբակալելու հիմքերի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ներում չի շնորհի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է։ Հրապարակվել են Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը։
Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նրան հեռակա դատում են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջինի գործով նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման, երկրորդի համար՝ վեց։ Նրա դեմ գործ է հարուցվել նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, բյուջեից միջոցներ վատնելու համար:
Կարծիքներ