Սա լավագույն առիթը կլինի նորից քննարկելու ընտրական օրենսդրության հիմնախնդիրները. Տիգրան Մուկուչյան
Երևանում այսօր անցկացվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների քաղաքական-իրավական նշանակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկումը: Այն իրականացվել է ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետներ:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ողջունեց քննարկման մասնակիցներին և նշեց, որ այսօր հերթական կարևոր նախաձեռնությունը քննարկելու առիթ են ունենալու: «Այսօրվա կլոր-սեղանի նյութը, որը ներկայացված է հետազոտության տեսքով, առանձնակի կարևորություն է ձեռք բերում: Կարծում եմ, սա լավագույն առիթը կլինի նորից քննարկելու ընտրական օրենսդրության հիմնախնդիրները, իսկ նմանատիպ քննարկումները մշտապես նպաստում են իրավահարաբերությունների և օրենսդրության կատարելագործմանը: Նման նախաձեռնությունը լավ առիթ է այսօր գիտական քննարկում կազմակերպելու համար՝ ներկայացնելով մոտեցումներ, տեսակետներ, քանզի դրանց բախման ու քննարկումների արդյունքում է, որ ի հայտ են գալիս նոր լուծումներ»,- ասաց Մուկուչյանը:
ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանն ասաց, որ ներկայացված գիտական հետազոտությունը մասնաճյուղի կողմից կազմակերպված հերթական հետազոտությունն է, որի շրջանակում փորձագետների կողմից փորձ է կատարվել վեր հանել ընտրական օրենսդրությունում կատարվող պերմանենտ փոփոխությունների ու լրացումների քաղաքական-իրավական նշանակությունը, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների հիման վրա բացահայտել առկա խնդիրները և ներկայացնել դրանց լուծման ուղիները. «Կայացած քննարկումները, ներկայացված առաջարկություններն ու եզրահանգումները, ինչպես նաև կատարված հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել ՀՀ ընտրական օրենսդրության արդյունավետ կիրառման և հետագա կատարելագործման գործում»,-ասաց Վահրամ Ավետիսյանը:
Քննարկման ժամանակ տեղի ունեցավ նաև «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների քաղաքական-իրավական նշանակությունը» վերտառությամբ հետազոտության շնորհանդեսը:
Կարծիքներ