Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:
«Սիրելի´ հայրենակիցներ,
Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից:
Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը:
Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից:
Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար:
Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Կարծում եմ, սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշներից մեկը:
Առաջնորդվելով այս ուղենիշով՝ որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Միաժամանակ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:
Շարունակելու եմ ծառայել մեր պետությանն ու ժողովրդին Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունանյանը:


Կարծիքներ