ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել․ ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահի փոփոխություն է կատարել։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Թուրան»-ի Վաշինգտոնի թղթակիցը։
«Էնդրյու Շոֆերը կատարել է իր առաջադրանքը, և հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն է Լորա Օքլան։
Հունիսի 21-ին տիկին Օքլան մեկնել է Բրյուսել՝ հանդիպումների իր ԵՄ և Ֆրանսիայի գործընկերների հետ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման շուրջ։
Իսկ հունիսի 27-ին նա հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,- լրատվամիջոցին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Նշենք, որ Լորա Օքլան 2022 թվականից զբաղեցնում է Պետքարտուղարության Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենի պաշտոնը։
Նա նախկինում աշխատել է որպես Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերի տնօրեն: Օքլան կադրային դիվանագետ է, ավելի վաղ աշխատել է Մադրիդում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի տեղակալ (2017-2020), Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան ներքին քաղաքականության ղեկավար (2014-2017)։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել էր, որ Մինսկի խմբի ՌԴ համանախագահը հրաժարվել է մասնակցել ԼՂ-ի հարցով քննարկմանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը։ Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։ Նշենք, որ ԱՄՆ-ը պաշտոնապես դեռևս չի հայտարարել իր համանախագահի փոփոխության մասին։
Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Կարծիքներ