ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ի՝ ԱՀԿ-ին ուղղված քննադատություններն անհիմն է համարում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեմ Միացյալ Նահանգների քննադատությունն անհիմն է: Այս մասին նա հայտարարել է Le Figaro-ին տված հարցազրույցում:
«Ես ճանաչում եմ ԱՀԿ ղեկավարության ներկայացուցիչներին, նրանք որևէ երկրի վերահսկողության տակ չեն: Նրանք միշտ բարեխղճորեն են գործում», – ասել է Գուտերեշը:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ անհրաժեշտ կլինի համաճարակի ավարտից հետո հետաքննություն անցկացնել՝ կապված վիրուսի առաջացմանը երկրների արձագանքման հետ:
Գլխավոր քարտուղարը ներկայացրել է նաև մոլորակի վրա կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի զարգացման երկու մոդել:
Լավատեսական սցենարում զարգացած երկրներին հաջողվում է զսպել վարակի երկրորդ ալիքի հայտնվելը՝ համակարգելով իրենց գործողությունները: Հոռետեսական սցենարում «մենք ականատես կլինենք Հարավային կիսագնդում տեղի ունեցող աղետին և լուրջ երկրորդ ալիքի Հյուսիսայինում՝ սարսափելի տնտեսական հետևանքներով»:
Մայիսի 29-ին Վաշինգտոնը հայտարարեց ԱՀԿ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մտադրության մասին, քանի որ, ըստ Միացյալ Նահանգների, կազմակերպությունը գտնվում է ՉԺՀ-ի ազդեցության տակ:
Կարծիքներ