Նպաստավոր պայմաններ են ստեղծվել իրենց բիզնեսը ՀՀ-ում զարգացնելու ցանկություն ունեցող օտարերկրյա ընկերությունների համար
Եվրոպայի հայերի միության նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Եվրոպա-Հայաստան 2022» բիզնես ֆորումը։ Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։
Եվրոպայի հայերի միության համայնքային կառույցներից երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից և Բուլղարիայից մասնակցություն են ունեցել ֆորումին:
Ֆորումին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը և տարբեր երկրներից ժամանած գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանը ողջունելով ներկաներին, հույս է հայտնել, որ Եվրոպայի հայերի միության առաջին պաշտոնական ֆորումը կարևոր հարթակ կդառնա և կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է պետության կողմից իրականցվող ծրագրերը և նշել, որ նպաստավոր պայմաններ են ստեղծվում օտարերկրյա ընկերությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն Հայաստանում զարգացնել իրենց բիզնեսը:
Բացի այդ, երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպա հարաբերությունների զարգացումը Եվրոպայի ներդրողների ներգրավմամբ ՏՏ ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, Հայաստան-ԵՄ տնտեսական, գիտական և մշակութային սերտ կապերի հաստատմանը նվիրված հարցերը և Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերականգնումը:
Կարծիքներ