Պապոյանն այցելել է OVIO կենտրոն

Պապոյանն այցելել է OVIO կենտրոն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 14-ին այցելել է տեխնոլոգիական և ՏՏ լուծումների մատակարար հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ (OVIO), որտեղ գործարկվել է ՀՀ-ում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը։

Նախարարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության ծրագրի շահառու «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնել է տվյալների մշակման կենտրոն, և մինչև 2030 թվականը ներդրումների ծավալը կկազմի 11.1 մլրդ ՀՀ դրամ, որից փոխհատուցման ենթակա է ընկերության կողմից կառուցվող ենթակայանը և ճանապարհը՝ մոտ 400 մլն ՀՀ դրամ։

«ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, զարգացման հետագա ծրագրերին։ Նախարարն անդրադարձել է պետական օժանդակության ծրագրերին, որոնցից կարող է օգտվել ընկերությունը։

«Պետությունը կարևորում է երկրում բիզնեսի զարգացումը և մշտապես պատրաստ է աջակցել նոր գաղափարների կյանքի կոչմանը: Մեր այցի նպատակն է իրազեկել հանրությանը հաջողված ծրագրերի մասին՝ կարևորելով պետության մղումն ուղղված հաջողված բիզնես միջավայր ձևավորելու հարցում»,- նշել է նախարարը։

OVIO տվյալների մշակման կենտրոնը տարածաշրջանում սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության ամենաբարձր TIER III միջազգային ստանդարտներով կառուցված միակ տվյալների մշակման կենտրոնն է, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։

Կենտրոնում մատուցվում են համատեղակայման, IAAS և այլ ամպային ծառայություններ։ Կենտրոնը սերտիֆիկացված է ISO 27001, 27017, 27018 և PCI DSS միջազգային սերտիֆիկատներով։ Կենտրոնի հզորությունը կազմում է 2 Մգվտ, և տեղակայված են 218 սերվերային պահարաններ։ Այսօր ընկերությունում աշխատում է 420 աշխատակից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում