«Էքշն» է հարկավոր, ուզում են բախում հրահրել. Ծովինար Վարդանյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժման նպատակը այլևս բախումներ հրահրելն է, քանի որ բովանդակությունը սպառվել է։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում աննկատ չի մնում նաև ՀՀ պետականությունը խարխլելու համար կազմակերպվող ակցիաների նկատմամբ եղած արտաքին ազդեցությունը։
«Ես անգամ խուսափում եմ այս գործողություններին շարժում անվանել։ Մի բան հստակ է․ կեղծ օրակարգեր սպասարկելը անիմաստ է, առավել ևս, եթե դրա ներքո կան հակասահմանադրական, առնվազն տեխնիկական խոչընդոտներ։ Հիմա նրանց մոտ բավականին անբովանդակ և անփառունակ իրավիճակ է։ Բովանդակություն չունեն, գործողությունների «էքշն» է հարկավոր, հետևաբար կուզենան ստանալ բախումներ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է նա։
Այս համատեքստում նա նկատում է, որ շարժման քաղաքական դերակատարները ևս թաքնված չեն խոր անկյուններում:
Հարցադրմանը՝ ի՞նչ ավարտ կունենա այս ամենը, զրուցակիցը ընդգծում է՝ յուրաքանչյուր նախաձեռնության պատասխանատուն կազմակերպիչն է, որը, այդ թվում՝ պատասխանատու է ՀՀ քաղաքացիների առջև. «Հերթական անգամ պետք է ելք գտնեն այն քաղաքացիների մոտ, որոնց շրջանում փորձել են ստի օրակարգ ձևավորել, որ, այսպես ասած, սև երես դուրս չգան նրանց առջև»:
Ըստ նրա՝ շարժման իրական պատճառները խորքային են, սակայն մարդիկ պետք է ընկալեն, որ սա կղերապետություն չէ. «Ապրում ենք 21-րդ դարում, ունենք առողջ հասարակություն, որը պատրաստ է դիմագրավել մարտահրավերներին ու իր համար ընտրել մարդու իրավունքները, որոնք այս դարում լիարժեք հասանելի են»։
Պատգամավորը նշում է, որ արդեն նախկին հոգևորականի առաջնորդած ակցիաներում ատելության, ստի մթնոլորտը հսկայական է:
«Որքան կարելի է մարդկանց ստել։ Ամենացավալին այն է, որ ԼՂ տեղահանված մեր հայրենակիցների ցավի վրա են փորձում ուշադրություն գրավել։ Իհարկե, մեր հայրենակիցները նկատում են ու արձանագրում, թե ով է սուտ խոսում։ Անհասկանալի է նաև հոգևորականի կոչումը սառեցնելու հայտարարությունները, դա ընթացակարգ չէ։ Հոգևորականությունը ոչ թե կոչում է, այլ մարդու կենսակերպ։ Իրենց մտքերի արգասիքներից տրամաբանությունս վիրավորվում է»,- ասում է նա:
Պատգամավորի դիտարկմամբ՝ շարժման ներկայացուցիչները գաղափար չունեն իրավական պետությունից և Սահմանադրությունից, հետևաբար կարող են գնալ իշխանազավթման ցանկացած փորձի։ Միևնույն ժամանակ նա վստահեցնում է, որ իրավապահ համակարգը կանխելու է ցանկացած հակաօրինական ծրագիր. «Հայաստանի Հանրապետությունը ունի կառավարման կոնկրետ մոդել, իսկ ժողովրդի ընտրած իշխանությունը պարտավոր է պաշտպան կանգնել պետությանն ու Սահմանադրությանը»:
Կարծիքներ