Տոկիո-2020. Բաչկովին չհաջողվեց իր ուժերը 100 տոկոսով օգտագործել. մարզիչ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի կարծիքով, Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ մենամարտի ընթացքում Հովհաննես Բաչկովին չհաջողվեց 100 տոկոսով օգտագործել իր ուժերը:
«Մենամարտի առաջին ռաունդում Բաչկովի մոտ չէր ստացվում. բռնցքամարտի լեզվով ասած՝ նա ուշանում էր: Երկրորդ ռաունդում ճիշտ մենամարտ անցկացրեց` գտնելով իրեն: Իսկ երրորդ ռաունդում նրա մրցակիցը «փնթի» մենամարտ անցկացրեց: Բաչկովին չհաջողվեց իր ուժերը 100 տոկոսով օգտագործել»,- Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:
Ըստ Պետրոսյանի, ընդհանուր առմամբ, Բաչկովն Օլիմպիական խաղերում լավ մենամարտեր անցկացրեց: «Բռնցքամարտում վերջին օլիմպիական բրոնզն ունեցել էինք 2008 թվականին և ուրախ ենք այս արդյունքի համար: Շատ կցանկանայինք, որ մեդալի գույնը փոխվեր: Կորոնավիրուսը շատ մեծ ազդեցություն ունեցավ մեր մարզիկների վրա»,-ասաց նա:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որ արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ: Տոկիոյի «Կոկգիկան» արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:
Կարծիքներ