Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է երկրի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Կոբախիձեի թեկնածությունն առաջադրվել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության` փետրվարի 1-ին տեղի ունեցած համագումարում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրերս հրաժարվել է վարչապետի պաշտոնից և զբաղեցրել իշխող կուսակցության նախագահի պաշտոնը։ Այսպիսով, Իրակլի Ղարիբաշվիլին և Իրակլի Կոբախիձեն փաստացի փոխանակում են իրենց պաշտոնները։
«Կոբախիձեն ստացել է լիակատար աջակցություն», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին համագումարի ժամանակ կայացած քվեարկությունից հետո։
Իրակլի Կոբախիձեն 46 տարեկան է: 2021 թ. հունվարից «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահն է։ Մինչ այդ նա իշխող թիմի գործադիր քարտուղարն էր։ Նախքան «Վրացական երազանք» գալն աշխատել է որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխման ծրագրի մենեջեր, Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի որակի ապահովման ծառայության պետի պաշտոնակատար, «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրի փորձագետների կոմիտեի անդամ, Վրաստանում Եվրոպայի խորհրդի նախագահությունում ռազմավարական պլանավորման փորձագետ:
Կարծիքներ