Այս տարի ևս դպրոցականները կարող են անվճար այցելել մշակութային օջախներ
Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021 թ.-ին: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի N 24-Ա/2 հրամանի՝ 2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը կցվում է):
Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Բաժանորդային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 386.000 աշակերտներ կարող են մասնակցել իրենց համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը:
Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման հնարավորությունը: Ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացումը, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորումը: Ծրագրի ավարտ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարծիքներ