Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի արձանագրումն է, որ կարող է որոշիչ գործոն դառնալ մեր երկրի անվտանգության ապահովման հարցում․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո հասկացել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
«Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլ նաև հաճախ հակոտնյա են միմյանց, նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար: Ես և կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022 թվականին արձանագրեցինք, որ Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, և մեր պետականության առաջին տարիներից է դա տեղի ունեցել: Եվ այդ գործոնը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը: Միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա և միանշանակ համոզվեցի, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում: Եվ այդ պահից փաստացի քաղաքական և հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ իրական և պատմական Հայաստանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը:
«Եթե անկեղծ ասեմ՝ իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում՝ նաև այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում և ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերանգներ: Ըստ այդմ՝ պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար, և նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս առումով կամա թե ակամա պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար: Վարչապետի խոսքով՝ պատմական Հայաստանն առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների համար: «Պատմական Հայաստանը այդ երկրների խմբի հետ մեր թշնամանքի հարատև երաշխիք է և երաշխիք է, որ այդ երկրները Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն ու բացատրություն կունենան: Պատմական Հայաստանի տեսլականը միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը։ Որպես Հայաստանի վարչապետ՝ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել և բարձրաձայնել, որ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա՝ ընդ որում արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին և մտածողությանը երբևէ վերադառնալու կենսական անհնարինությունն ապագայում, հակառակ պարագայում մենք անվտանգային, արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետև կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատև աղբյուր մեր իսկ ներսում, մեր ամենօրյա իրականության մեջ՝ առանց այս փաստը խորությամբ և ամբողջությամբ ըմբռնելու ու գնահատելու»,-ասաց նա:
Կարծիքներ