Փոխգործակցության հսկայական ներուժ կա. ավստրիական ընկերությունները Հայաստանում հետաքրքրված են մի շարք ոլորտներով

Փոխգործակցության հսկայական ներուժ կա. ավստրիական ընկերությունները Հայաստանում հետաքրքրված են մի շարք ոլորտներով

 Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հայաստանյան այցի շրջանակում Երևանում տեղի ունեցավ Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:

Միջկառավարական նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների:

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում քննարկվել են հայ-ավստրիական համագործակցությանը վերաբերող մի շարք նախագծեր:

«Նոր հեռանկարներ են բացվում հայ-ավստրիական երկկողմ համագործակցության համար: Հայաստանում բացվեց Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը, ինչը նշանակում է, որ երկկողմ համագործակցության շրջանակում ավելի լայնածավալ ծրագրեր կիրականացվեն: Այս պահին համագործակցության հիմնական շրջանակը գյուղատնտեսության ոլորտում է, սակայն նպատակներ կան ընդլայնելու համագործակցության շրջանակները»,- հաղորդեց փոխնախարարը:

Ավստրիական կողմից միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերը նույնպես մեծ ներուժ է տեսնում հայ-ավստրիական գործնական կապերը զարգացնելու համար, ընդ որում՝ բազմաթիվ ոլորտներում: Դրանցից մեկն, օրինակ, վերականգնվող էներգետիկան է, որով ավստրիական կողմը շատ է հետաքրքրված: Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրենի խոսքով՝ ավստրիական ընկերությունների հետաքրքրությունների կենտրոնում են նաև գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և թվայնացումը:

«Կարծում եմ՝ ավստրիական և հայկական ընկերությունները կարող են միասին աշխատել այս դաշտում: Կան բազմաթիվ այլ բնագավառներ, որտեղ շատ մեծ ներուժ կա: Մեզ հետ ավստրիական մեծ պատվիրակություն է եկել Հայաստան, և ես փոխգործակցության հսկայական ներուժ եմ տեսնում»,- ասաց Ֆլորիան Ֆրաուշերը:

Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Ավստրիական պատվիրակության այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: Փետրվարի 2-ին Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Երևանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում