Անկախ պատգամավորը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը

Անկախ պատգամավորը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը

ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստի հրավիրումը՝ քննարկելու սահմանային իրավիճակը:

Թովմասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա նախ ասաց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը եղել է անկախ պատգամավորներինը: Իրենք՝ անկախ պատգամավորներով դիմել են բոլոր խմբակցութուններին, քանի որ չունեն լիազորություն՝ արտահերթ նիստ նախաձեռնելու:

«Եվ համատեղ արդեն ստորագրել ենք: Խիստ անհրաժեշտ է, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը մեր երկրում հրատապ նիստ հրավիրի, և քննարկենք մեր սահմանային իրավիճակը, և հասկանանք, թե ովքեր են մեղավոր, ինչու է Հայաստանի առաջնագիծը մինչև հիմա շարունակում մնալ չկահավորված, ինչո՞ւ մենք մեզ համար անվտանգային միջավայր չենք ստեղծում»,- ասաց Թովմասյանը:Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ, հաշվի առնելով Սյունիքում և ՀՀ սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հանդես են գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում