Վրաստանի նախագահը չի կարողանում կապ հաստատել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ. կառավարական հեռախոսակապը ևս չի գործում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ և բարձրաձայնել, որ երկրի տարբեր ընտրատեղամասերում և դրանց հարակից հատվածներում բռնի գործողություններ են տեղի ունենում՝ կոչ անելով ոստիկանությանը արագ արձագանքել դեպքերին:
Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ չի կարող կապ հաստատել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ նույնիսկ պաշտոնական կառավարության հեռախոսային կապով:
«Ուզում եմ առանձնացնել շատ վատ փաստեր՝ բռնությունը, որը տեղի է ունենում տարբեր տեղամասերում: Ջարդվում են լրատվամիջոցների սարքավորումները, հավաքվում են խմբեր, որոնց միակ նպատակը լարվածությունն ու առճակատումն է։ Սա տխուր է, սա մեր երկրի դեմքն ու համբավն է։ Սա թուլության նշան է։
Ցանկանում եմ դիմել ՆԳ նախարարին՝ ում հետ, ցավոք, չենք կարող կապ հաստատել, չի գործում նաև պաշտոնական կառավարական գիծը, խնդրում եմ ոստիկանությանն ավելի արագ և արդյունավետ արձագանքել։ Մենք չենք կարող թույլ տալ նման լարվածություն: Շնորհակալություն լրատվամիջոցներին, որոնք աշխատում են շատ ծանր պայմաններում։ Նրանց շնորհիվ մենք բոլորս տեղեկացված ենք»,- ասել է նախագահը։
Հիշեցնենք, որ ընտրական օրը Վրաստանում գերլարված է ընթանում: Տարբեր ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրախախտումների, լցոնումների, վիճաբանությունների, ծեծկռտուքների, դանակահարությունների և այլ բռնությունների դեպքեր:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքները երկրի, հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար, վճռորոշ նշանակություն են ունենալու:
Ընտրողների ընդհանուր թիվը 3 մլն 508 հազար 294 է: 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ:
Կարծիքներ