Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը 7 նոր համալրում ունի
Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջնության երկրորդ հատվածի մեկնարկից առաջ ներկայացրել է թիմի մի շարք նորեկներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի գույները պաշտպանելու են Ռուսաստանի պրեմիեր լիգայում ՍԿԱ Խաբարովսկի կազմում հանդես եկած 24-ամյա հարձակվող Ալեքսանդր Մակսիմենկոն, «Սպարտակ»-ի սան 21-ամյա կիսապաշտպան Վլադիսլավ Վասիլյևը, «Ուրալ»-ից 18-ամյա կիսապաշտպան Մաքս Ժեստարևը, «Անժի»-ի ֆուտբոլիստ 22-ամյա պաշտպան Ռուսլան Իսաևը, «Գանձասար-Կապան»-ի նախկին պաշտպան 24-ամյա Ալեքսանդր Օգանիսյանը և «Տորպեդո»-ի նախկին դարպասապահ 21-ամյա Դավիդ Պապիկյանը։ Ակումբ է վերադարձել նաև 22-ամյա պաշտպան Դեու Դոսան:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:
Կարծիքներ