Ապարանի բաժնի ոստիկանները բացահայտել են Ափնա գյուղում տեղի ունեցած դանակահարությունը

Ապարանի բաժնի ոստիկանները բացահայտել են Ափնա գյուղում  տեղի ունեցած դանակահարությունը

Ոստիկանության Ապարանի բաժինը փետրվարի 18-ի ուշ երեկոյան ստացել է հաղորդում, որ «կրծքավանդակի թափանցող վերք, ներքին արնահոսություն» նախնական ախտորոշմամբ Ապարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ափնա գյուղի 41-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց են մեկնել օպերատիվ քննչական խմբեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Ապարանի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացվել են Արագածոտնի մարզային վարչության գործընկերների հետ: Պարզվել է, որ երեկոյան ժամը ութի սահմաններում Ափնա գյուղի ակումբի մոտակայքում, այսպես ասած` բանակի քեֆի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ Ափնա գյուղի մի խումբ բնակիչներ ծեծել են հարևան Արայի գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի, նա էլ դանակով խփել էր իրեն ծեծողներից մեկին:

Բացատրական աշխատանքի արդյունքում՝ ահազանգից ժամեր անց 25-ամյա երիտասարդը եկել է ոստիկանության Ապարանի բաժին: Նա ներկայացվել քննչական վարչություն, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում