Տևական խաղաղության հասնելու համար հարևանների հետ կոմունիկացիոն գործընթաց սկսելն անխուսափելի է. Անդրանիկ Քոչարյան

Տևական խաղաղության հասնելու համար հարևանների հետ կոմունիկացիոն գործընթաց սկսելն անխուսափելի է. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է համարում հարևան պետությունների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, կարևորում է նաև ներքին միասնականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Ներկայիս աշխարհաքաղաքական դինամիկ վտանգավոր զարգացումների պայմաններում մեր պետությունը չի կարող դիմակայել առանց ռազմավարական գործընկերների և հարևան պետությունների հետ հստակ կանոնակարգված հարաբերություններ ձեռք բերելու: Ակնհայտ է, որ դարեր շարունակ կայսերական նկրտումներ ունեցած պետության գենետիկ հիշողությունը ժամանակ առ ժամանակ հարմար միջավայր ստեղծվելուն պես գլուխ է բարձրացնում, սակայն մեզ համար կարևոր է նման դեպքերում արժանի դիմադրություն կազմակերպելը»,-ասաց Քոչարյանն ու կտրուկ փոփոխվող քաղաքական իրողություններում անհրաժեշտ համարեց ճկունություն ցուցաբերելը:

Նա ընդգծեց, որ Արցախի 2020-ի պատերազմը պատճառել է անդառնալի մարդկային կորուստներ, որոնց ցավը բոլորիսն է պատկանում, սակայն նաև տվել է հնարավորություն՝ ապրելու, ստեղծելու, արարելու, վերարժևելու կյանքն ու ժամանակը: «Այժմ մեր խնդիր է Կովկասի տարածաշրջանի հիմնական խաղացողների քայլերը հասկանալ, դրանք վերլուծել, լինելով իրատես՝ զերծ մնալ կործանարար մեծամտությունից, ավելորդ հուզականությունից և այս պահին թերևս անհիմն ինքնավստահությունից: Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, որքան էլ պարտված լինելու հանգամանքը մեզ համար խոչընդոտներ է ստեղծելու»,-ասաց պատգամավորը:

Նա շեշտեց՝ անցյալում կատարվածից դասեր քաղելով՝ Հայաստանը կկենտրոնացնի իր ազգային, գիտական ներուժը, կփորձի սկիզբ դնել տեղական մրցունակ սպառազինության արտադրությանը: Քոչարյանն այս պահին կարևորեց նաև երկիրը ներքին ցնցումներից և բզկտումներից զերծ պահելը՝շեշտը դնելով արտաքին հավասարակշռված քաղաքականության ձևավորման և կայունության ամրապնդման վրա: «Երկարատև խաղաղության հաստատման և պետության անվտանգության լիակատար ապահովման համար մեզ պետք է միասնականություն, սառը բանականություն և խոհեմություն ցուցաբերել՝ չմոռանալով անցյալը: Սա է առաջ շարժվելու և նշանակալի հաջողություններ գրանցելու ամենաարդյունավետ ճանապարհը»,-եզրափակեց Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում