Էրդողանը կրկին դժգոհել է ԱՄՆ-ից. այս անգամ` Սիրիայի քրդերին աջակցելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կատարից վերադառնալուց հետո լրագրողների հետ հանդիպմանը, ի շարս այլ թեմաների, խոսել է նաև Սիրիայի քրդերի զինված ուժերի հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին:
Լրագրողի հարցին, թե ինչպես է նա վերաբեում Սիրիայի սահմանին՝ Ալ-Հասաքայում ԱՄՆ-ի կողմից քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի»-ի (YPG-ԺՊՈւ) հետ անցկացվող հրաձգային մարզումներին, Ermenihaber-ի փոխանցմամբ, Էրդողանն ասել է.
«Մենք Ամերիկային ասում ենք՝ դուք մեզ հրավիրում եք ահաբեկչության դեմ միավորվելու, բայց մյուս կողմից ամեն տեսակի ահաբեկիչներին (YPG-ին-խմբ.) ամեն կերպ աջակցություն եք ցուցաբերում: Դա ի՞նչ բարեկամություն է: Դա ՆԱՏՕ-ի կազմում ինչպիսի՞ միասնություն է: Տվե՛ք մեզ դրա պատասխանը: Իհարկե մեզ դրա պատասխանը չեն կարողանում տալ: Նոր եմ խոսել Բայդենի հետ, արտգործնախարարս էլ իր պաշտոնակցի հետ է խոսում այդ թեմաներով»:
Էրդողանն ավելացրել է նաև, որ հակառակ այդ ամենին՝ «Ամերիկան տարածաշրջանում սխալ քաղաքականություն է վարում:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին՝ YPG-ին դիտարկում է ահաբեկչական կազմակերպություն՝ այն համարելով Թուրքիայում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճյուղավորում սիրիական ճյուղավորում:Իսկ ԱՄՆ-ն YPG-ին համարում է կարևոր գործոն իսլամական ծայրահեղական ահաբեկիչների դեմ պայքարում ու չի դադարեցում այդ կառույցի հետ իր համագործակցությունը:
Կարծիքներ