Փաշինյանը դատախազությանը հանձնարարեց կորոնավիրուսից մահերի թվի տարբերության հարցով քննություն իրականացնել

Փաշինյանը դատախազությանը հանձնարարեց կորոնավիրուսից մահերի թվի տարբերության հարցով քննություն իրականացնել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության ուսումնասիրությունը։ Նա ավելի վաղ նշել էր, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի ու Առողջապահության նախարարության հրապարակած՝ կորոնավիրուսից մահվան թվերը տարբերվում են, 700 դեպքով շեղում է արձանագրվել։

Փաշինյանը դատախազությանը հանձնարարեց այս հարցով քննություն իրականացնել։ «Ձեր հանձնարակականի համաձայն ուսումնասիրությունները շարունակում ենք և ավարտելու ու ամբողջական պատկերն ունենալու դեպքում կհրապարակենք ու հանրությանը մանրամասն կտեղեկացնենք։ Արմեդ համակարգի կողմից ժամանակի ընթացքում որոշ տվյալներ չեն ներառվել, բայց մենք տեսնում ենք, որ դրանք թափանցիկ կերպով ցուցադրված են ԱՎԾ-ի ընդհանուր համապարփակ վիճակագրական տվյալներում։ Իսկ թե դրա հետ կապված ինչն են եղել պատճառները, ամբողջովին կուսումնասիրենք և կներկայացնենք»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․ «Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի։ Սկզբունքային կարևոր հարց է պարզել, թե այդտեղ որևէ չարամտություն եղել է, թե՞ ոչ։ Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, և այս հարցի հստակ պատասխանն ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինել։ Եթե պարզվի, որ խնդիրը տեխնիկական է, դա էլ առիթ է, որպեսզի այն բացերը, որոնք ունենք մեր համակարգում, լրացնենք»,- հավելեց Փաշինյանը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը նշեց, որ ծնունդների ու մահերի պաշտոնական վիճակագրությունը վարվում է համապատասխան միջազգային մեթոդաբանությամբ, և տեղեկատվության աղբյուրը Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինների տեղեկատվական շտեմարանն է։ «Եվ այդ մարմինը մահվան ակտերը կազմելու ժամանակ նշում է նաև մահվան պատճառները։ Այդ պատճառները մեկ-մեկ ուսումնասիրվում են, դրանցով կազմվում է ամփոփ վիճակագրություն»,- հավելեց Մնացականյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում