Գործադիրն առաջարկում է բարելավել տնտեսվարողների գործունեության պայմանները
Գործող ընթացակարգի համաձայն՝ անձը, որը ցանկանում է զբաղվել առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեությամբ, այդ մասին ծանուցում է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն:
Ինչպես հաղորդում է ԱԺ կայքը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
Հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն նախատեսող Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ըստ զեկուցողի՝ նկատի ունենալով, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակներն առավելապես առնչվում են Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներին, առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում, եւ ՀՀ կառավարության որոշմամբ՝ այդ մասով որպես լիազոր մարմին սահմանել Էկոնոմիկայի նախարարությանը:
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին՝ նշելով, որ օրենսդրական փոփոխության արդյունքում տնտեսվարողների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ««Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, ընդունվել են Կառավարության ներկայացրած առաջարկները:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:
Օրենքների նախագծերը կքննարկվեն Ազգային ժողովի հունիսի 9-ի արտահերթ նիստում:
Կարծիքներ