Պուտինը հանդիպել է Շոյգուին ու Գերասիմովին, զսպող ուժերին զգոնության ռեժիմի բերելու հանձնարարական տվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ հրամայել է զսպող ուժերին (ՌԴ ԶՈՒ հատուկ ստորաբաժանում) մարտական զգոնության ռեժիմի բերել։
Ինչպես ընդգծել է պետության ղեկավարը, սա անհրաժեշտություն է, քանի որ արևմուտքը ոչ միայն տնտեսության մեջ բարյացակամ քայլեր չի ձեռնարկում, այլեւ ՆԱՏՕ-ի ամենաբարձր օղակները թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել Ռուսաստանի դեմ։
Հիշեցնենք՝ իրավիճակն ուկրաինական սահմանին ու Դոնբասում ծայրաստիճան լարված է: Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները համապատասխան փաստաթղթերով դիմել են ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչը բավարարվել է, և Դոնբասում մեկնարկում է ռազմական գործողություն:
Այս հայտարարությանը հետևեց Ուկրաինայի նախագահի հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստ են պաշտպանել երկրի «տարածքային ամբողջականությունը», ինչից հետո Զելենսկիի հրամանագրով երկրում ռազմական դրություն հայտարարվեց, իսկ ավելի ուշ՝ համընդհանուր մոբիլիզացիա ու պարետային ժամ:
Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Արևմտյան երկրներն ու մի քանի տասնյակ միջազագային կառույցներ շարունակաբար պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ, սակայն, չնայած դրան, ռազմական գործողությունները շարունակվում են արդեն մի քանի օր:
Կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, գերիներ՝ երկու կողմերից էլ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հայտնում են հակամարտ երկրի մեծաթիվ տեխնիկայի կորուստների մասին:
Պաշտոնական Կիևը հաստատել է նաև մի քանի օդանավակայանների, Չեռնոբիլի ատոմակայանի, Մետիոպոլ, Սչաստյե, Ստանիցա-Լուգանսկայա քաղաքների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին: Այսօր էլ հայտնի դարձավ ռուսական զորքերի՝ Խարկով մտնելու մասին: Ռազմական գործողությունները շարունակվում են:
Կարծիքներ