Անկախությունը մեր պետության այլընտրանք չունեցող հիմնասյունն է. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Սփյուռքի և Արցախի սիրելի քույրեր և եղբայրներ,
սրտանց շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ: Դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նիստում ընդունված հռչակագրով ազդարարվեց հայ ժողովրդի պատմության նոր՝ այլևս դեպի անկախություն տանող անկասելի գործընթացի մասին:
Անկախ պետականություն ու անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի տարիների երազանքի իրագործման առաջին քայլը հենց այս հռչակագրի ընդունմամբ ազդարարվեց:
Արդեն 1991 թվականի սեպտեմբերին 21-ին համայն հայ ժողովուրդը «ԱՅՈ» ասաց անկախության հանրաքվեի ժամանակ և ուղիղ երեք տասնամյակ մենք վայելում ենք ազատ և անկախ պետականություն ունենալու բերկրանքը:
Անկախությունը մեր պետության այլընտրանք չունեցող հիմնասյունն է և մեզանից յուրաքանչյուրն իր սրբազան պարտքը պետք է համարի այն պահելն ու պահպանելը: Մեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով պետք է նպաստի առավել զարգացած, կայուն ու բարգավաճ Հայաստանի կերտմանը:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- գրված է նրա ֆեյսբուքյան էջում:
Կարծիքներ