Ինչ է հայտնի COVID-19-ի «Դելտա» շտամի մասին․ ԱՆ անդրադարձը

Ինչ է հայտնի COVID-19-ի «Դելտա» շտամի մասին․ ԱՆ անդրադարձը

Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է: COVID-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում, տեղեկացնում է Առողջապահության նախարարության կայքը: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է «Դելտա» շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին:

Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր գրանցվել են արդեն իսկ 96 երկրում: Հարկ է նշել, որ այն ավելի արագ է տարածվում, քան նույնիսկ «Ալֆա» շտամը, որը հայտնաբերվել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերին:

«Դելտա» շտամի արագ տարածման վտանգավորության մասին իրազեկվածությունը թույլ կտա միջոցներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու համար: Առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ և կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է`

կրել դիմակ,

հետևել ձեռքերի հիգիենային,

պահպանել սոցիալական հեռավորություն,

խուսափել մարդաշատ վայրերից  

հաճախ օդափոխել փակ տարածքները և այլն:

Հարկ է հիշեցնել, որ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման և հակահամաճարակային մի շարք կանոնների պահպանման միջոցով հնարավոր կլինի խուսափել վարակի տարածումից, կնվազի վարակվելու հավանականությունը, դրանով իսկ կպաշտպանի ձեզ և ձեր սիրելիներին COVID-19-ից, այդ թվում՝ «Դելտա» շտամից:

Համավարակի դեմ պայքարի լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստվումն է: Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է պատվաստվել. հերթը ձերն է, պատվաստվե՛ք և պաշտպանվե՛ք:

COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերը որոշակի պաշտպանություն են ստեղծում վիրուսի նոր տեսակներից, քանի որ այդ պատվաստանյութերն առաջացնում են լայն իմունային պատասխան` ներառելով մի շարք հակամարմիններ և բջիջներ:

Ուստի, պատվաստանյութերն արդյունավետ են և կանխում են հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը:

Ի դեպ, ըստ «PHE»-ի վերլուծության` COVID-19 պատվաստանյութերի 2 դեղաչափերը խիստ արդյունավետ են «Delta» շտամից հոսպիտալացման դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում