ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. Դատախազություն

ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունն առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև՝ դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին:

Դատախազությունը հայտնում է, որ տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա:

«Այդ դրսևորումները զուգորդվել են ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ՝ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը», - նշված է հաղորդագրության մեջ:

Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում