Կիբերհանցավորության նոր մեխանիզմ՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում լայն տարածում է գտել բարեգործական հիմնադրամնների անվան ներքո քողարկված հանցավոր նոր մեխանիզմ, որը ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչի արդյունքում հանցագործները հասանելություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:
Նշված հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում և առավել հաճախ գովազդի տեսքով հանդիպում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ առաջարկվում է անցել գովազդում նշված հղումով և լրացնել բանկային քարտի տվյալները՝ ներառյալ բանկային քարտի հակառակ կողմում առկա ՍՎՎ կոդը։
Ոստիկանությունը հորդորում է սոցիալական ցանցերում լինել առավել զգոն, խուսափել կեղծ բարեգործական հիմնադրամներից առաջարկվող ֆինանսական աջակցություններից, հատկապես երբ հիշյալ իբր աջակացությունը ենթադրում է նաև բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում։
«Հորդորում ենք նաև մանրակրկիտ ուսումնասիրել ցանկացած առցանց բանկային գործարք և ուշադիր լինել բանկայի գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ