Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ թուրքական ապրանքների ներկրման արգելքի հնարավոր երկարաձգման հարցին

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ թուրքական ապրանքների ներկրման արգելքի հնարավոր երկարաձգման հարցին

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Հայաստան թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ հարցին:

 Մինասյանն ԱԺ ճեպազրույցում, մասնավորապես, հիշեցրեց, որ դեռևս տարիներ առաջ այս նախաձեռնության հեղինակը եղել է նախկին՝ իրենց կառավարությունը: Նա կարևորեց արգելքը այն ապրանքների մասով, որոնք Հայաստանում արտադրելու հնարավորություն կա, զուգահեռ տեղական արտադրողներին աջակցությունը, որ կարողանան համարժեք և առավել առաջանցիկ տեմպերով նման որակի ապրանքների արտադրությունը կազմակերպել:

Մինասյանը գործող կառավարության իրականացրածը համարեց մասնակի, թերի: «Միայն ֆորմալ կամ անվանական սահմանափակումը բավարար չէ, որ այն հիմնարար նպատակին հասնենք: Ուստի, եթե ամբողջական դառնա փաթեթը, այն օգտակար կարող է լինել»,- ասաց պատգամավորը:

Սակայն Մինասյանը թերահավատորեն է վերաբերվում, որ կառավարությունը դա լիարժեքորեն կանի:

Հանրապետության կառավարությունը 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքի գործողության ժամկետը այնուհետև երկարաձգվել էր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է դեկտեմբերի 31-ից հետո կրկին երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքի գործողության ժամկետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում