ԵՊՀ դասախոսների շատ հայտնի անձանց շրջանում իմ դեմ հասունացրել են հարձակումների ալիք. Լուսինե Բադալյան
ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
Ինձ համար ակնհայտ է, որ կրթական հաստատություններում ստեղծված անմխիթար իրողությունների հոռի բարքերի վերաբերյալ ԱԺ ամբիոնից իմ բարձրաձայնումը ԵՊՀ դասախոսների ինձ շատ հայտնի անձանց շրջանում իմ դեմ հասունացրել է հարձակումների ալիք։ Անհերքելի է, որ այդ ալիքը մեծապես պայմանավորված է համալսարանում մեկնարկած ռեկտորի պաշտոնի համար մղվող պայքարով։ Այդ մարդկանց պարզապես բարեկամաբար խորհուրդ եմ տալիս շարունակել առաջ մղել ռեկտորի ընտրության օրակարգը՝ այդ ճանապարհին ձեռնպահ մնալով ԱԺ պատգամավորիս հասցեին ձեխարձակումները դիվիդենտի վերածելու անպտուղ փորձերից։ Խորհրդարանականի դեմ այս կազմակերպված գրոհը նման է ժողովրդի մանդատը ստացած ԱԺ պատգամավորի պարտականությունները կատարող բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ կազմակերպված հետապանդման` իր արտահայտած տեսակետի համար, ինչը սահմանադրության խախտում է։ Այդ ո՞ւմ համար է նորություն, որ տարիներ շարունակ, մինչ օրս, անբարեխիղճ դասախոսների մի շրջանակ շարունակում է լսարանում զբաղվել քաղաքական քարոզչությամբ։ Ի շարս իմ ձեռքի տակ առկա ուսանողներից ստացված նամակ-դիմումների, կոչ եմ անում բուհական ուսանողներին փակ եղանակով՝ անանուն, ինձ փոխանցել բուհին առնչվող կոռուպցիոն դեպքերի և քաղաքական քարոզչության մասին տեղեկություններ՝ անկախ անձի ընդդիմադիր կամ իշխանական լինելուց։ Տարօրինակորեն հենց ԵՊՀ իմ կողմից հարգված դասախոսներն են անհանգստացել ելույթիս անհերքելի բովանդակությունից, որում, ի դեպ, ես ոչ մի բուհի և դասախոսի անուն չեմ հիշատակել, ինչը փոքր-ինչ տարօրինակ է: Տեղեկացնեմ, որ իմ տիրապետած տեղեկություններն ամբողջացնելուց հետո, կարծում եմ, հաջորդ քայլը պետք է լինի դրանք ամբողջությամբ իրավապահ մարմիններին հանձնելը՝ ուսումնասիրելի և համապատասխան իրավական գնահատական տալու համար։ Առողջ եղեք։
Կարծիքներ