Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը
ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը եւ Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երեւան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի եւ Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը հրադադարի հաստատման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաեւ այժմ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետեւանքների հակազդմանն ու չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:
Կողմերը մանրամասն քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման եւ տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման ուղղությամբ անելիքների ծրագիրը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ տրանսպորտի, էներգետիկայի եւ գործարարության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Կարծիքներ