Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթա. երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Բացահայտվել է 2019-2021 թթ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման մեխանիզմը, ինչպես նաև՝ շղթայում ներգրավված անդամներից 4-ի ինքնությունը, որոնցից 3-ին ներկայացվել են մեղադրանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
«Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 24-ամյա բնակիչ Վ.Մ.-ն, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019-2021 թթ. մի խումբ անձանց, այդ թվում՝ Խ.Ֆ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող Ismoke, Ismoke420 և Marc Emery Market առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաև այլ հանցակիցների, կատարել դերաբաշխում:
Պարզվել են հանցավոր շղթայում ներգրավված ևս երկու մասնակցի ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Հ.Հ.-ն է, մյուսը՝ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչ Գ.Ա.-ն:
Վերջիններս, 2021 թ. օգոստոսից ներգրավվելով հանցավոր խմբավորման կազմում, նշված գործունեությամբ զբաղվող Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերջիններիս կողմից ստեղծված և կառավարվող տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ կատարելով դրանց տեղափոխում, ըստ քաշերի առաձնացում, փաթեթավորում և ՀՀ տարածքում տեղադրում, թմրամիջոցների գտնվելու վայրերի լուսանկարահանում և ծրագրային հավելվածի միջոցով դրանց գտնվելու վայրերի կոորդինատների նշում, որի համար, թմրամիջոցների վաճառքից ստացված գումարներից, որպես իրենց մասնաբաժին, յուրաքանչյուր տեղադրման համար ստացել են գումար:
Վ.Մ.-ն պարբերաբար կառավարել է վերը նշված տելեգրամյան խանութ-հարթակները՝ թմրամիջոցների արժեքի և ձեռքբերման պայմանների շուրջ նամակագրություններ վարելով նշված խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, որոնց հետ համաձայնության գալուց հետո թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը պահանջվել է փոխանցել Խ.Ֆ.-ի և հանցակիցների կողմից կառավարվող Qiwi, Юmoney համակարգի, ինչպես նաև՝ ՀՀ և օտարերկրյա այլ էլեկտրոնային դրամապանակներին:
Հանցակիցների կողմից կառավարվող հաշիվներին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրերի լուսանկարները գնորդների կողմից փոխանցվելուց հետո Վ.Մ.-ի և Խ.Ֆ.-ի կողմից նրանց է ուղարկվել թաքստոցներում նախապես տեղադրված տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները:
Նշված եղանակով վերջիններիս կողմից առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ են ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց, որոնցից ավելի քան 15-ի ինքնությունը նախաքննության ընթացքում պարզվել է:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 60.744.470 ՀՀ դրամի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը թաքցնելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Վ.Մ.-ի և նրա հանցակից Խ.Ֆ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ՝ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին, նրանց կամ Խ․Ֆ․-ի մոր անունով գրանցված և կառավարվող «Իդրամ» համակարգի հաշիվներին, փոփոխվող տարատեսակ բազմաթիվ կրիպտոարժութային դրամապանակներին։ Որից հետո դրանք փոխանցվել են Վ.Մ.-ի և նրա հանցակից Խ.Ֆ.-ի մոր էլեկտրոնային դրամապանակներին (կրիպտոարժույթի դեպքում մինչ այդ համարժեք դրամական միջոցների փոխարկվելուց հետո) և տարբեր եղանակներով կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
Հ.Հ.-ին և Գ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար և որպես խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 2.000.000 և 1.000.000 ՀՀ դրամի չափով:
Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է։
Վարույթի նյութերն առանձնացվել են և ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Խ.Ֆ.-ի և խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցներ ձեռք բերած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ