Կորոնավիրուսով արդեն իսկ վարակված, առողջացած անձինք ևս կարող են պատվաստվել

Կորոնավիրուսով արդեն իսկ վարակված, առողջացած անձինք ևս կարող են պատվաստվել

Կորոնավիրուսով վարակված և առողջացած անձինք ևս կարող են Covid-19-ի դեմ պատվաստվել, սակայն երկրները պատվաստանյութերի սղության պատճառով դեռևս առաջնահերթություն են տալիս ռիսկի խմբերի անձանց: Այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդեն վարակված ու առողջացած անձինք կարո՞ղ են պատվաստում ստանալ:

«Վարակված, առողջացած անձը կարող է պատվաստվել: Երկրներում պատվաստանյութերի քանակի խնդիր կա, այսինքն` պատվաստանյութերը քիչ քանակով են արտադրվում, և դա է պատճառը, որ հիմնականում բոլոր երկրներն առաջնահերթ պատվաստումներն իրականացնում են ռիսկի խմբերում»,- ասաց Աբովյանը:

Սակայն, եթե պատվաստանյութը հասանելի լինի ամբողջ բնակչությանը, ապա արդեն իսկ վարակված անձը միանշանակ կարող է պատվաստվել:

Հայաստանում պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան ռիսկի խմբում ներառված քաղաքացիները։ Պատվաստումները լինելու են կամավորության սկզբունքով: Հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում