Իրանում այսօր նախագահ են ընտրում

Իրանում այսօր նախագահ են ընտրում

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկելու իրավունք ունի 59 310 307 իրանցի։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ավելի քան 1․3 միլիոնն առաջին անգամ է քվեարկելու։

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07։00-ին։ Քվեարկությունը կավարտվի կեսգիշերին։ Երկրում գործում է 72 հազար ընտրատեղամաս։ Իրանի քաղաքացիները կարող են քվեարկել ևս 133 երկրում։

Իրանում նախագահական 13-րդ ընտրություններն ընթանում են ՏԻՄ 6-րդ ընտրություններին զուգահեռ։

Նախագահի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու։ Ավելի վաղ 3 թեկնածուներ հայտարարել էին մասնակցությունից հրաժարվելու մասին։ Մասնակցության հայտ էր ներկայացրել 592 մարդ, որից 40-ը՝ կին։ Հավանություն էր տրվել միայն 7-ի մասնակցությանը։

Նախագահի պաշտոնին հավակնում է Խորհրդատվական խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, խորհրդարանի փոխնախագահ Ամիրհոսեյն Կազիզադե-Հաշեմին և Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդուլ Նասեր Հեմաթին։

Առաջին երեք թեկնածուները ներկայացնում են պահպանողականների ճամբարը, իսկ Աբդուլ Նասեր Հեմաթին՝ ռեֆորմիստներին։

Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը։ Հակառակ դեպքում կլինի երկրորդ փուլ, որը կարող է անցկացվել հունիսի 25-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում