Ինչո՞ւ եք ԱԺ հայտարարության տեքստում գրել, որ «միջպետական փաստաթուղթ» է ստորագրվելու, վարչապետը նման բան ասե՞լ է. «Իմ քայլի» պատգամավորը՝ Մարուքյանին

Ինչո՞ւ եք ԱԺ հայտարարության տեքստում գրել, որ «միջպետական փաստաթուղթ» է ստորագրվելու, վարչապետը նման բան ասե՞լ է. «Իմ քայլի» պատգամավորը՝ Մարուքյանին

«Երեկ շրջանառության մեջ դրեցին մի փաստաթուղթ, փակեցին սևով, սկսեցին քննարկել՝ սա տվին, նա տվին, հետո պարզվեց, որ տեքստի մեջ նման բան չկա»,- ԱԺ հատուկ նիստում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ հարց ուղղելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ «չե՞ք կարծում, որ այս հայտարարության տեքստն արդեն հին է, քանի որ արդեն իսկ հրապարակվել է փաստաթուղթը»:   

«Մենք եկել ենք, որ դուք բացատրություններ տաք՝ ի՞նչ եք անում: Մենք ժողովրդի բարձրացրած ձայնը, մտահոգությունը բերել ենք խորհրդարան՝ ասելու՝ ի՞նչ եք ստորագրում: Հայտարարության տեքստը գրվել է այսօր առավոտյան՝ վարչապետի պաշտոնակատարի՝ Կառավարության նիստում հնչեցրած ելույթից հետո»,- ասաց Մարուքյանը: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ ինչու է հայտարարության տեքստում նշված «միջպետական փաստաթուղթ», արդյոք վարչապետը նման բան ասե՞լ է: Պատգամավորը նաև խնդրեց հրապարակված փաստաթղթից ռուսերեն կամ թարգմանաբար՝ հայերեն, մեջբերել այն նախադասությունը, որը ուղիղ նշանակում է, որ «ստեղծվելիք հանձնաժողովն է որոշելու, թե որտեղով է անցնելու սահմանը»:

Մարուքյանը կրկնեց. «Մենք չենք եկել խորհրդարան, որ մեզ հարցնեք՝ այդ փաստաթուղթն իրակա՞ն է, թե՞ ոչ, մեզ պետք է դա բացատրեն»: Նա մեջբերեց վարչապետի պաշտոնակատարի խոսքը՝ «կա փաստաթուղթ, որը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից, և եթե Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները, ես կստորագրեմ այն», ապա հայտարարեց, որ որպես իրավաբան՝ կարծում է, պնդում է, որ այն, ինչ պատրաստվում է ստորագրել վարչապետի պաշտոնակատարը, միջազգային պայմանագիր է, ուրեմն՝ միջպետական փաստաթուղթ է:  

Երկրորդ հարցին ի պատասխան Մարուքյանը նշեց, որ եթե հանձնաժողովի որոշմամբ է սահմանը գծվելու, պետք է փոփոխություններ արվեն «Վարաչատարածքային բաժանման մասին» օրենքում: 

Նշենք՝ ԱԺ հատուկ նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում